Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Լուսանկարչի համար իր լուսանկարները օրագիր են»

«Լուսանկարչի համար իր լուսանկարները օրագիր են»
15.07.2017 | 14:45

Ֆոտոսիրողների ակումբի նախաձեռնությամբ «Թեքեյան» մշակութային կենտրոնում բացվել է «Լուսանկարչի օրագրից» խորագրով ցուցահանդես: Ներկայացված են 27 հայ լուսանկարիչներ: Ցուցահանդեսի կազմակերպիչն ու համակարգողը լուսանկարիչ ԷԴԳԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ է:

Մեզ հետ զրուցում նա ասաց, որ ցուցահանդեսը նվիրված է Լուսանկարչի միջազգային օրվան. «Որոշեցինք, որ թեման ազատ լինի և ընտրեցինք «Լուսանկարչի օրագրից» խորագիրը: Յուրաքանչյուր լուսանկարչի համար իր լուսանկարները օրագիր են»: Ցուցահանդեսին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 50 լուսանկարիչ, ընտրվել են 27-ը: Ընտրելիս հաշվի են առել կատարումը, ասելիքը: Էդգար Մարտիրոսյանը նկատեց, որ լուսանկարներով կարելի է ճանաչել լուսանկարչի ներաշխարհը` հաշվի առնելով, թե նա ինչ թեմաներ է նախընտրում, ինչն է շեշտադրում. «Բնության միևնույն տեսարանը, եթե նկարես և ուրախ, և տխուր ժամանակ, բոլորովին տարբեր նկարներ կստացվեն»:

«Կիևյան կամուրջ», «Արարատ», «Կանաչ սերինոս», «Մայրամուտ», «Կուրություն», «Դժվար ծերություն», «Ձնե անապատ», «Ափսոսանք», «Ժամանակն ու անիվը», «Խորհրդավոր պարզություն», «Նորություններ», «Դարձի ճանապարհ»... Ներկայացված աշխատանքների գույները, տրամադրությունը, թեմաները բազմազան են:
«Դժվար ծերություն» լուսանկարի հեղինակ ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվեցի` ինչո՞վ է գրավել տատիկը, և տատիկն ինքը ինչպես է արձագանքել, երբ իրեն լուսանկարել են:
«Տատիկը շատ տպավորիչ էր` շինարարական ձեռնոցներով, նախախորհրդային տարիների կրկնակոշիկներով, դեմքի մեծ- մեծ խորշակներով,- ասաց զրուցակիցս:- Չգիտես ինչու, նրան նմանեցրի մեր այսօրվա Հայաստանին: Հարցրեց` ինձ համա՞ր ես նկարում, ասացի` չէ, տատիկ ջան, ինձ համար եմ նկարում, ասաց` քեզ համար մի նկարիր, տար երկրիդ ղեկավարներին ցույց տուր, որ տեսնեն` մարդիկ ինչ վիճակում են ապրում»:


«Ի՞նչ եք զգում Ձեր աշխատանքները կողքից դիտելով»` հետաքրքրվեցի: «ՈՒսուցիչս` Արմեն Ենգոյանը, ասում էր` ժամանակը կանցնի, նկարներդ կնայես, չես հավանի: Զգացողությունս այդպիսին է: Մտածում եմ, որ լավ նկարները դեռ առջևում են: Հետաքրքիր է նաև, թե ինչ են տեսնում ուրիշները աշխատանքդ դիտելով»,- ասաց լուսանկարիչը:
Հավելենք, որ ցուցահանդեսի աջակիցներն են Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիան, Photopodium.com-ը, «Թեքեյան» մշակութային կենտրոնը և «Պրոգրես պրինտը»: Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի վերջը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը` Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 4351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ